Արգենտինա

Արգենտինա - Վիքիպեդիա՝ ազատ ...
Արգենտինա
 պետություն Հարավային Ամերիկայում։ Տարածքի մեծությամբ երկրորդ տեղն է զբաղեցնում մայրցամաքում (Բրազիլիայից հետո), ութերորդը՝ աշխարհում, իսկ բնակչության թվաքանակով երրորդն է Հարավային Ամերիկայում (Բրազիլիայից և Կոլումբիայից հետո)։ Կազմված է 24 վարչական միավորից՝ 23 պրովինցիայից և Բուենոս Այրես դաշնային մայրաքաղաքային շրջանից։ Զբաղեցնում է Հարավային Ամերիկայի հարավային մասը, որը կոչվում է Պատագոնիա։ Արևմուտքից սահմանակից է Չիլիին, հյուսիսից՝ Բոլիվիային և Պարագվային, հյուսիս-արևելքից՝ Բրազիլիային և Ուրուգվային։ Արևելքում ափերը ողողում են Ատլանտյան օվկիանոսի ջրերը։ Արգենտինային են պատկանում Ֆոլկլենդյան կղզիները, ինչպես նաև Հրո Երկիր կղզու արևելյան հատվածը։ Արգենտինայի արևմտյան հատվածը լեռնային է, այստեղ է գտնվում ամբողջ արևմտյան կիսագնդի ամենաբարձր լեռը՝ Ակոնկագուան՝ 6960 մետր, իսկ արևելքով հոսում են Պարանա, Ռիո-Նեգրո, Պարագվայ և այլ գետեր։ Բնակչությունը կազմում է ▲47 327 407 մարդ (2022)ն:

Արգենտինան ժամանակին եղել է Իսպանիայի գաղութ, սակայն հետագայում՝ 1810 թվականի մայիսի 25-ին, ազատվել է իսպանական լծից՝ շնորհիվ Խոսե Սան-Մարտիի և այլ պայքարողների։ Արգենտինան զարգացած կապիտալիստական պետություն է, Մեծ քսանյակի անդամ է, հարուստ է նավթով և այլ օգտակար հանածոներով։ Ունի հարուստ բուսական և կենդանական աշխարհ (կատվառյուծ, լամա, նանդու ջայլամ)։ Արգենտինայի քաղաքներից ամենախոշորը մայրաքաղաք Բուենոս Այրեսն է, գտնվում է Լա-Պլատայի ծովախորշի ափին։ Խոշոր քաղաքներ են նաև Կորդովան, Լա Պլատան, Ռոսարիոն և այլն։ Արգենտինան ծնունդ է տվել մի շարք հայտնի մարզիկների (Դիեգո Մարադոնա, Լիոնել Անդրես Մեսսի, հայազգի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը նույնպես բնակվում է Արգենտինայում), տանգոյին և այլն։

Ստուգաբանությունն

Երկրի անվանումը` «Արգենտինան», առաջացել է լատ.՝ argentum («արծաթ») բառից, որն իր հերթին առաջացել է «արգենտոս» (հուն․՝ ρργήντος, ավելի վաղ` հուն․՝ ἀργήεις) բառերից, ինչը նշանակում է «սպիտակ», «պայծառ»։ Արգենտինոս (Αργεντινός) բառը հունարենում ածական է, որը նշանակում է «արծաթագույն»։ Անվանումն առաջացել է այն բանից հետո, երբ Սեբաստիան Կաբոտն ընտրել է Ֆրանցիսկո դել Պուերտոյի ափում Խուան Դիաս դե Սոլիսի թողած արշավախումբը, որը Կաբոտին պատմել Է «Սպիտակ թագավորի» և Լա Պլատայից հյուսիս գտնվող Արծաթե լեռների մասին։ Կաբոտը հավատացել է լեգենդին և, թողնելով նախնական պլանը, Մագելան-Էլկանոյի արշավախմբի կողմից հայտնաբերված Մոլուքյան կղզիների ճանապարհին նավագնացության հետազոտության համար ձեռնամուխ է եղել արծաթի որոնմանը։ Բայց տեղեկատվությունը կեղծ էր. Լա Պլատայի ավազանում բացակայում են թանկարժեք մետաղների հանքավայրերը (ավելի ճիշտ` լեգենդի մեջ խոսվում էր Ինկերի կայսրության մասին), բայց արծաթի մասին լուրը պատճառ է դարձել երկիրն «Արգենտինա» անվանելուն։

Արգենտինա անվան առաջին օգտագործումը կարելի է վերագրել Մարտին դել Բարկո Սենտեներայի` 1602 թվականին հրատարակված «Արգենտինան և Ռիո դե Լա Պլատայի գրավումը» (իսպ.՝ La Argentina y conquista del Río de la Plata) պոեմին։ Թեև տարածաշրջանի այս անունը լայնորեն օգտագործվել է արդեն 18-րդ դարում, բայց 1776 թվականին երկիրը պաշտոնապես կոչվել է Ռիո դե Լա Պլատայի փոխարքայություն։ 1810 թվականի Մայիսյան հեղափոխությունից հետո ձևավորված Անկախ կառավարությունը «փոխարքայություն» անվանումը փոխարինել է «Միացյալ պրովինցիաներով»։

«Արգենտինա» անվանումը հայտնի է դարձել 1813 թվականի Արգենտինայի առաջին օրհներգում այն օգտագործելուց հետո, որում բազմաթիվ հիշատակումներ են եղել Արգենտինայի անկախության համար շարունակվող պատերազմի մասին։

Առաջին անգամ Արգենտինայի Հանրապետություն անվանումը պաշտոնապես արձանագրվել է 1826 թվականի Սահմանադրության մեջ։ 1859 թվականին Բուենոս Այրես պրովինցիայի` կոնֆեդերացիայի կազմ վերադառնալուց հետո երկիրն անվանափոխվել է Արգենտինական պետության։ Արգենտինայի Հանրապետություն անվանումը վերադարձվել է 1860 թվականի հոկտեմբերի 8-ի օրենքի ընդունումից հետո և պահպանվում է մինչև այժմ։