Փաստեր Հայաստանի 10 Ամենագեղեցիկ
Եվ
Ամենաերկար Գետերի Մասին
Հայաստանը հայտնի է որպես գեղեցիկ և բարձր լեռների երկիր: Լանդշաֆտի նման առանձնահատկության շնորհիվ Հայաստանի բոլոր գետերն ունեն շատ արագ ու բուռն հոսք: Այդ իսկ պատճառով, հին ժամանակներում Հայաստանը կոչում էին «Նաիրի», որը նշանակում է «արագ հոսող ջրերի երկիր»: Այստեղ բնական ջրերը միշտ բարձր են գնահատվել, իսկ գետերի ակունքները ժամանակին համարվում էին սրբազան: Այսօր Հայաստանում կա ավելի քան 9,400 գետ և գետակ՝ 180 հազար կմ ընդհանուր երկարությամբ:
Արաքս Գետ
Արաքս Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից մեկը։ Անդրսահմանային գետ է, որի ավազանն ընդգրկում է Թուրքիայի, Հայաստանի, Արցախի, Իրանի և Ադրբեջանի տարածքը։
Ունի 1072 կմ երկարություն, որից 200 կմ կազմում է Հայաստանի և Թուրքիայի սահմանը։ Հայաստանի գետերի մեծագույն մասը (որոնց ավազանները, միայն վերցված, կազմում են հանրապետության տարածքի 73,5 տոկոսը) պատկանում է Արաքսի ավազանին։ Արաքսը վաղնջական ժամանակներից հանդիսացել է հայոց քաղաքակրթության կարևոր բնօրրաններից մեկը։ Արաքսը ջուր է մատակարարել Մեծ Հայքի Այրարատ, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Վասպուրական նահանգներին, որի համար այն հաճախ կոչվել է Մայր Արաքս։ Միջնադարյան վրացական աղբյուրներում անվանվում էր Արասխի։ Արաբ աշխարհագիր Իբն-ալ-Ֆակիհը, որը երբեմն գետը կոչել է Արրասս, գրում է, որ միայն Արաքսի գետահովտում իր ժամանակ եղել է մոտ 1000 քաղաք և գյուղ։
Նորագույն պատմության մեջ Արաքսը արժևորվեց որպես աշխարհաքաղաքական սահման։ Ըստ Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերի՝ գետն ընտրվեց որպես սահման Ռուսական և Պարսկական կայսրությունների միջև։ Խորհրդային Միությունը և Իրանը հետագայում համատեղ պատվար կառուցեցին Արաքսի վրա՝ Փոլդաշտի տարածքում։
Արփա գետ
Արփան, գետ է Հայաստանի Վայոց ձորի մարզում և Ադրբեջանի Նախիջևանի Հանրապետության տարածքում, Արաքսի ձախ վտակը։
Սկիզբ է առնում Թեքսարի լեռների հորդառատ աղբյուրներից 3200 մ բարձրությունից։ Ջերմուկ քաղաքից թեքում է հյուսիս-արևելք և հոսում է Շարուրի դաշտով։ Վերին հոսանքում գետը դանդաղահոս է, բայց դեռ չհասած Ջերմուկին՝ դառնում է արագահոս և, ճեղքելով Վարդենիսի լեռնալանջերը, գահավիժում է անտառապատ խոր կիրճը։ Ջերմուկից ներքև Արփան հոսում է գալարումներով և իր ընթացքը մերթ արագ, մերթ դանդաղ շարունակում է մինչև Արենի գյուղը։ Ստորին հոսանքում Արփան բաժանվում է բազմաթիվ մեծ ու փոքր առուների և ամռան ամիսներին ամբողջովին օգտագործվում է դաշտերն ու այգիները ոռոգելու համար։ Արաքսի մեջ է թփվում Նախիջևանի Հանրապետության տարածքում։ Ընդհանուր առմամբ հոսում է հյուսիս-արևելք–հարավ-արևմուտք ուղղությամբ։
Երկարություն 128 կմ է (Հայաստանում 90 կմ), ջըրհավաք մակերեսը՝ մոտ 2600 կմ²։ Սնումը հիմնականում ձնաանձրևային է (57%), հորդանում է ապրիլ–հունիսին, առավել չափով՝ մայիսին։ Տարեկան միջին ծախսը՝ 21,6 մ³/վ (Արենի), հասնում է 22 մ³/վ, առավելագույնը՝ 146 մ³/վ, նվազագույնը՝ 6,2 մ³/վ։ Տարեկան հոսքը՝ 682 մլն․ մ³։
Վերին հոսանքում գտնվում են Ջերմուկ առողջարանը և համանուն ջրվեժը։ Ջուրն օգտագործվում է ոռոգման և էլեկտրաէներգիա ստանալու համար։ Այստեզ կառուցված են Բարձրունոյւ, Ազատեկի և Արփի ջրհան կայանները։ 1981 թ շահագործման է հանձնվել Արփա—Սևան ջրատարը, որի գլխամասում սաեղծվել է Կեչուտի ջրամբար թունելը։ Արփայի վրա կառուցված են Ջերմուկի, Ազատեկի, Եղեգնաձորի և Արենիի ՀԷԿ-երը։ 1979-83 թթ. գետի վրա՝ Գյումուշլու բանավանի մոտ, կառուցվել է մոտ 180 միլիոն ջրատարողունակությամբ ջրամբար։
Հնում սովորաբար կոչվեչ է Արփանյալ, իսկ վերին հոսանքը՝ Ջերմ։
Ագարակաձորի մոտ Արփայի վրա կանգուն է և բանուկ XIII դ կառուցված միակամար կամուրջը։
Վտակներից են՝ ձախ կողմից Դարբ, Գնիշիկ, աջից՝ Հերհեր, Եզեգիս, Ելփին։ Նախիջևանի տարածքներում Արփան սնում էն նրա Ջաղազուր, Յայջի և Ակոռի ոչ մեծ գետակները։
Դեբեդ գետ
Դեբեդը գետ է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում և Վրաստանում։ Կազմավորվում է Ձորագետ և Փամբակ գետերի միախառնումից։ Թումանյան կայարանից 2 կմ հյուսիս՝ Վրաստանի սահմանին մոտ, աջից թափվում է Խրամ գետը․ Կուրի ավազանի գետ է; Երկարությունը 178 կմ է (Հայաստանում՝ 152 կմ), ավազանը՝ 4080 կմ², որից 3790 կմ²՝ Հայաստանում։ Գետի ափին են տեղակայված Ալավերդի, Ախթալա, Թումանյան, Շամլուղ քաղաքները։
Անվանում
Գետն ունեցել է մի շարք անուններ։ Հայկական աղբյուրներում այն կոչվում է Դեբեդ։ Օգտագործվել են նաև Դեբետ, Դևբեդ անվանաձևերը։ Հնում գետի ստորին հոսանքը անվանվել է Բերդահոջ։
Վրացիները գետն անվանում են Դեբեդահնում կոչվել է Բորչալա, որի անունով էլ կոչվել է Բորչալուի շրջանը, իսկ ադրբեջանցիները՝ Դեբեդաչայ։
Ըստ ավանդության՝ գետի անունը ծագել է Դև Բեթ բառակապակցությունից․ «Առասպել կա, թե Լոռու Դև-հսկաները – Դև Բեթը (Դեբեդ գետը), Դև-Ալը (Դվալ սարը) և ուրիշները հափշտակել են Ծաղկունքի (Արագածի) աղջիկը, բերել Լոռի»։
Որոտան գետ
Որոտան (նաև՝ Ծղուկի գետ, Ծղկո գետ, Որոտն, Որոտնա գետ, Բարկուշատ), գետ Հայաստանի Սյունիքի մարզում, Արաքսի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի հյուսիսարևմտյան լանջերից՝ 3045 մ բարձրության վրա գտնվող Խալխա լճակից ու հարակից աղբյուրներից, իր մեջ է ընդունում ևս մի քանի մանր լճակներից հոսող առվակների, ինչպես նաև Գորայք գյուղի աղբյուրների ջուրը, ապա դեպի հարավ-արևելք ուղղությամբ հոսում Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների տարածքով, ներառում Հագարի Աղվանո վտակը և Միջնավան կայարանից միախառնվում Արաքսին։ Երկարությունը 178 կմ է, Հայաստանի սահմաններում՝ 119 կմ, ավազանը 5650 կմ2, Հայաստանի սահմաններում 2300 կմ2։
Որոտան գետի վրա կառուցված է հիդրոկայանների կասկադ՝ երեք հիդրոկայաններով՝ 404,2 մեգավատտ հզորությամբ, տարեկան 1,1 միլիարդ կՎտ·ժամ էլեկտրաէներգիայի արտադրությամբ, և չորս ջրամբարներով (Սպանդարյանի, Անգեղակոթի, Տոլորսի, Շամբի)։ Սպանդարյանի ջրամբարից կառուցվել է 22 կմ երկարությամբ Արփա-Սևան թունելը, որը տարեկան 200 միլիոն մ³ ջուր է տեղափոխում Սևանա լիճ։
Գետի սնումը խառն է, ջրի կեսից քիչ պակաս՝ մոտ 40 տոկոս ստացվում է լճակներից ու աղբյուրներից, որոնք բխում են առավելապես ձախափնյա լանջից, ստորերկրյա ջրերով հարուստ Սյունիքի բարձրավանդակից։
Որոտանը համեմատաբար ջրառատ գետ է. նրա տարեկան հոսքը կազմում է մինչև 600-700 միլիոն խմ։
Որոտանի հոսանքը սրընթաց է, ունի հունի մեծ անկում, որը կազմում է 0,012, այսինքն՝ մեկ կիլոմետրին 12 մետր։
Որոտան գետը վերին հոսանքում կոչվում է Բազարչայ, ստորին հոսանքում՝ Բարգուշատ։
Որոտանը սկիզբ է առնում Արցախի Քարվաճառի շրջանից, Այս կապակցությամբ որոշ հայ փորձագետներ մտահոգություն են հայտնում, որ Հայաստանի ջրային ռեսուրսների 80%-ի անվտանգությունը Ադրբեջանի ձեռքում է հայտնվել և այդ գործոնը կարող է օգտագործվել Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։
Ձորագետ
Ձորագետ, գետ Հայաստանի Լոռու մարզում, Դեբեդի ձախ օժանդակը։
Երկարությունը 67 կմ է։ Սկիզբ է առնում Ջավախքի լեռնաշղթայի լանջերից։ Լեռնահարթավայրային տիպի գետ է։ Վերին հոսանքում՝ Լոռվա սարահարթում, ունի հարթավայրային բնույթ՝ դանդաղահոս է, ցածրադիր, երբեմն ճահճապատ ափերով և հաճախ առաջացնում է գալարներ։ Միջին հոսանքում՝ Ստեփանավան քաղաքից ներքև, գետը, ընդունելով Տաշիր խոշոր վտակը, մտնում է խոր, մինչև 100-120 մ խորությամբ կիրճերի մեջ։ Գետահովիտը նեղանում է՝ վերածվելով կիրճի, այնուհետև նեղ ու խորը կանիոնի։ Ձորագետի ջրահավաք ավազանի մակերեսը 1460 կմ2 է։
Առավել խոշոր վտակը Տաշիր գետն է, որը սկիզբ է առնում Վիրահայոց լեռնաշղթայի լանջերից, հոսում Լոռվա սարահարթով, թափվելով Ձորագետ՝ գետաբերանից 28 կմ հեռավորության վրա։ Վերին հոսանքում Գարգառ վտակն ընդունելուց հետո հովիտը լայնանում է, Ձորագետը միանում է Փամբակ գետին և սկզբնավորում Դեբեդ գետը։
Գետն ունի արևելք-հարավ-արևելք ուղղություն և մոտիկ է Բազումի լեռնաշղթայի ստորոտին, հետևաբար ավելի երկար վտակները միանում են ձախից, ինչպես օր.՝ Սևաբերդը, Տաշիրը, Ուռուտը, Հովանաձորը, որոնցից առաջին երկուսն ավելի ջրառատ են։ Աջակողմյան վտակներից են Չքնաղը և Գարգառը։
Գետի սնումը խառն է. 53.2%-ը կազմում են ձնաանձրևային, իսկ 46.8%-ը՝ ստորերկրյա ջրերը։ Վերջին ցուցանիշը Դեբեդի ավազանում ամենամեծն է։
Ձորագետի ջրերն օգտագործվում են ոռոգման և էլեկտրաէներգիա ստանալու նպատակներով։ Նրա գետաբերանում 1932 թվականին կառուցվել և գործում է Ձորագետի ջրաէլեկտրակայանը՝ 22,2 հազար կվտ ընդհանուր հզորությամբ, իսկ Ստեփանավան քաղաքի մոտ՝ Ստեփանավանի փոքր ջրէկ-ը։ Ձորագետի վտակ Տաշիրից սկիզբ է առնում Լոռվա ջրանցքը (50 կմ), որը ձգվում է մինչև Դեբեդ գետ և ոռոգում ավելի քան 4000 հա հողատարածություն։
Անվանում
Հին աղբյուրներում հիշատակվում է Տաշրաջուր անունով։ Նախահեղափոխական շրջանի ռուսական քարտեզների վրա նշված է «Կամենկա» անունով։
Հրազդան գետ
Հրազդան, գետ Հայաստանի Արարատի և Կոտայքի մարզերում, Արարատյան գոգավորությունում, Արաքսի ձախ վտակը։
Անվանում
Գետի անվանումն առաջին անգամ հանդիպում է հին հայկական հեղինակների՝ մասնավորապես Սեբեոսի (Հուրազդան տեսքով) և Մովսես Խորենացու մոտ (ավելի հին, Հրազդան)։
Այլ անվանումներ Բջնիի ջուր, Բջնիջուր, Բջնո գետ, Բջնու ջուր, Զանգա, Զանգագետ, Զանգի, Զենգի, Զենկի, Զենկիչայ, Իլդարու, Իլդարուն, Իլդարունի, Իլդարունիա, Իլտարունի;
Աշխարհագրություն
Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։
Վերին հոսանքում մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք՝ այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150 մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս ու ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա լցվում Արաքսը։
Գետի ընդհանուր անկումը կազմում է 1100 մ։ Բնական պայմաններում Հրազդանի սնումը 62,5%-ով ստորերկրյա է, հորդացումը՝ գարնանային, վարարումները՝ ամռանն ու աշնանը։ Ջրի տարեկան միջին ծախսը 22,6 մ³/վրկ է, առավելագույնը՝ 138 մ³/վրկ, նվազագույնը՝ 9 մ³/վրկ, տարեկան հոսքը 712 միլիոն մ³։
Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Հրազդանի, Արգել, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀիդրոԷլեկտրոԿայան-ները, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը։
Ախուրյան գետ
Ախուրյան գետ Հայաստանի Շիրակի մարզում և Թուրքիայում, սկիզբ է առնում Աշոցքի սարահարթի Արփի լճից։ Ջրառատությամբ այն հանրապետության երրորդ գետն է, միջին ծախսը 26,9 խմ/վ (տարեկան 900 միլիոն մ³)։ Վերին հոսանքում այն անցնում է ճահճապատ ափերով, այնուհետ ընդունում է մի քանի մանր վտակներ, ապա որպես ջրառատ գետ մտնում է Շիրակի դաշտ։ Այստեղ Ախուրյանին միանում են Արագածի լանջերից սկիզբ առնող մի քանի գետակներ, որոնցից ամենամեծը Մանթաշն է։ Աղին կայարանից մի փոքր հյուսիս` Կարսագետն ընդունելուց հետո, Ախուրյանը կտրում է Արագածի արևմտյան փեշերը և խորացնելով իր հունը` քարքարոտ ափերի մեջ շարունակում է հոսել մինչև Արաքսի հետ միանալը։ Ախուրյանն ունի 186 կիլոմետր երկարություն։ Գետի ձախ ափին է Գյումրին, իսկ աջ ափին՝ Հայաստանի վաղեմի մայրաքաղաք Անին (ամբողջովին ավերված)։ Ջրանցքը շահագործման է հանձնվել 1925 թվականին։ Նրա գործարկումը զգալիորեն հեշտացրել է հողամասերի ոռոգումը։ Ջրանցքի բացմանը ներկա է եղել նաև նորվեգացի ականավոր գիտնական և աշխարհահռչակ բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենը։
Ազատ գետ
Ազատ գետ Հայաստանի Արարատի և Կոտայքի մարզերում(թեև գլխավորապես ընկած է Արարատի մարզում)։ Երկարությունը՝ 55 կմ, ջրահավաք ավազանի մակերեսը՝ մոտ 550 կմ2։
Աշխարհագրական դիրք
Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի Սպիտակասար լեռնագագաթի հարավարևմտյան լանջերի 3000-3200 մ բարձրություններից։ Ակունքի մոտավոր կոորդիանատներն են հս.լ. 49°09՛11՛՛ արլ.ե. 45°00՛14՛՛։ Սկզբում՝ մոտ 13 կմ հոսում է հարավարևմտյան ուղղությամբ՝ անցնելով մինչև 600 մ խորություն ունեցող գեղատեսիլ հովտով։ Վերին հոսանքի այս հատվածը՝ մինչև ձախակողմյան Քաջառու (նախկին Դարբանդ) վտակը ընդունելը կոչվում է նաև Ուղտուակունք (Յոթնակունք), իսկ այս վտակի միախառնումից հետո հոսանքով դեպի ներքև՝ մինչև աջակողմյան Գողթ վտակն ընդունելը կոչվում է նաև Միլի։ Այս ընթացքում գետը հոսում է հյուսիսարևմտյան ուղղությամբ՝ ընդունելով նաև աջակողմյան Սևջուր (կամ Սևկաջուր, նախկին Կարասու) վտակը (վերը ներկայացվածները Ազատի գլխավոր վտակներն են)։
Կամուրջ Ազատ գետի վրա. 11-րդ դ ( Այժմ ամբողջովին ձևափոխված ՀՀ Մշակույթի նախարարության կողմից)։
Գառնի գյուղի մոտ գետը վերջնականապես թեքվում է դեպի հարավ-արևմուտք՝ սկզբնական մոտ 9 կմ անցնելով մինչև 180 մ խորություն ունեցող Գառնու կիրճով։ Լանջազատ (Զովաշեն) գյուղի մոտ Ազատի վրա կառուցված է ջրամբար և ՀԷԿ։ Ստորին հոսանքում անցնում է Արարատյան հարթավայրով ու թափվում Արաքս։ Գետաբերանի աշխարհագրական կոորդինատներն են՝ հս.լ. 39°57՛37՛՛ արլ.ե. 44°29՛17՛՛։
Սնումը հիմնականում ստորերկրյա է (69%) և ձնահալոցքային (21%)։ Ջրի մակարդակի ամենամյա կրկնվող բարձրացումը տեղի է ունենում ապրիլից հունիս, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 46%-ը։ Ջրի տարեկան միջին ծախսը 6,5-7 մ³/վրկ է, տարեկան հոսքը 205-220 միլիոն մ³։ Ազատը հիմնականում արագահոս է, ունի քարքարոտ, սահանքավոր հուն և մեծ անկում։ Ջրերը մասամբ օգտագործվում են գյուղատնտեսական և էներգետիկ նպատակներով։
Ազատ գետի հովիտը շատ մասերում լցված է փլուզումների հետևանքով առաջացած հսկայական ժայռաբեկորներով։ Գետահովիտն արտասավոր վեհություն ունի հատկապես Գողթ գյուղից վերև։ Գետի այս հատվածը բնության յուրօրինակ վայրերից մեկն է։ Այստեղի գեղատեսիլ անձուկ կիրճերը, ամենաբազմազան լերկ ժայռերը, տեղ-տեղ դեպի ձորն իջնող անտառապատ լեռնալանջերը և մեծ բարձրությունից գահավիժող ջրերը հովիտին տալիս են բացառիկ գրավիչ տեսք։
Աղստև Գետ
Աղստև գետ, հոսում է Հայաստանում և Ադրբեջանում։ Այն սկիզբ է առնում Փամբակի լեռներից։ Սկզբում մի փոքրիկ առվակ է, սակայն Դիլիջանի մոտ հորդանալով դառնում է ջրառատ գետ։ Սնվում է գերազանցապես ձնհալքից և անձրևաջրերից։ Վտակներից հայտնի են Գետիկը և Ոսկեպարը, որոնցից առաջինը հոսում է Միափորի և Արեգունի լեռների միջև ընկած կիրճով։ Խորությունը մեծ չէ, սակայն վարարումների ժամանակ դառնում է խիստ վտանգավոր։ Երկարությունը 133 կմ է, այդ թվում Հայաստանում 99 կմ։ Ջրի ծախսը՝ 8,22 խմ/վ, հոսքը 256 միլիոն խմ։
Հայաստանի տարածքում Աղստևի վրա կառուցված է Բերքաբերի ջրամբարը, իսկ գետի ստորին հոսանքում (Արդրբեջանի տարածքում)՝ Աղստևի ջրամբարը։ Ադրբեջանում կոչվում է «Աղստաֆաչայ»։
Քասախ գետ
Քասաղ, գետ Հայաստանի Արագածոտնի մարզի և Արմավիրի մարզում։ Երկարությունը 89 կմ է, ավազանի մակերեսը՝ 1480 կմ2։
Քասաղի ակունքները երեք գետակներ են, որոնցից ձախ օժանդակը՝ Քարաղբյուր, սկիզբ է առնում Փամբակի լեռների հարավային լանջերից, հոսում նախկին Ախուրյանի շրջանով։ Աջակողմյան մյուս երկու՝ Դազքենդ և Ծաղկահովիտ օժանդակները սկիզբ են առնում Արագածի հյուսիսային լանջերից, հոսում Արագածի շրջանով, մեծ մասամբ հոսում են հարթ մարգագետիններով, և Ռյա Թազա գյուղի մոտակայքում միախառնվում աջ կենտրոնական հոսանքին։
Քասաղը վերին հոսանքում դանդաղահոս է և սակավաջուր, իսկ միջին հոսանքում դառնում է բավական ջրառատ ու արագահոս։ Վերին հոսանքի շրջանում գետի հունը մոտ 8 ամիս ցամաքում է։ Մշտական հոսք ունի սկսած Ապարանից, որտեղ նրա մեջ են թափվում հորդառատ աղբյուրներից գոյացած մի քանի ջրառատ գետակներ։ Հոսում է հարավ-արևելյան ուղղությամբ և Ապարանի ջրամբարից հարավ, Ափնագյուղ գյուղից արևելք թեքվում է դեպի հարավ և, աջից իր մեջ առնելով Գեղարոոտ վտակը, մտնում է Քասաղի կիրճը։ Առավել ջրառատ և սրընթաց է Քասաղի միջին հոսանքը, հատկապես Աշտարակի և Օշականի մոտերքում, որտեղ գետի հովիտը մինչև 200 մ բարձր հասնող խոր ձոր է։ Օշական գյուղից ցած՝ Քասաղը դուրս է գալիս Արարատյան դաշտ և, աջից իր մեջ ընդունելով Ամբերդ վտակը, գետաբերանային մասում բաժանվում է մի քանի բազուկների և ձախից միանում է Սևջուրին։
Ստորին հոսանքում՝ Արարատյան դաշտի սահմաններում, Քասաղի ջրերը գրեթե ամբողջովին օգտագործվում են շրջակա գյուղերի ցանքատարածությունները և այգիները ոռոգելու համար։ Այդ է պատճառը, որ այստեղ ամռան ամիսներին (ջրի ամենաուժեղ գոլորշիացումների շրջանում) Քասաղը իսպառ ցամաքում է։
Աշխարհագրություն
Քասաղն ունի 89 կիլոմետր երկարություն, ավազանը՝ 1480 կմ:²։ Նրա մեջ թափվող վտակներից ամենաջրառատը Ամբերդն է։ Սա սկիզբ է առնում Արագածի հորդառատ աղբյուրներից և ամռանը տեղ-տեղ պահպանվող ձյան հալոցքային ջրերից։ Ամբերդի ռեժիմի կարգավորման համար առանձնապես կարևոր դեր է կատարում լեռնալանջերից քամիների բերած և խոր ձորերում կուտակված ձյունը, որը սովորաբար ստվերի տակ հալվում է դանդաղ ու դրանով իսկ գետահունը մշտապես ապահովում ջրերով։ Ամբերդը հոսում է խոր կիրճով։ Այն, Արագածում պարբերաբար թափվող տեղումների հետ կապված, մերթ ուժեղ վարարում է և մերթ էլ խիստ նվաղում։
Քասաղի ջրերը ամբարվում են Ապարանի ջրամբարում և օգտագործվում ոռոգման նպատակով։
Սնումը ձնանձրևային է (76 %), հորդանամ է ապրիլ-հունիս ամիսներին։ Գլխավոր վտակներն են Գեդարոտը, Շաղվարդը և Ամբերդը։ Ջուրը մաքուր է, նախկինում ձկնառատ էր։ Քասաղի վրա կառուցված Ապարանի ջրամբարի ջրերը օգտագործվում են ոռոգման համար։ Դեռևս XIV դ առաջին կեսին Ագիգբեկյան իշխանական տոհմի ներկայացուցիչ Ագիգբեկ Ա-ն Քասաղից ջրանցք է հանել։ Գետի վրա կան քարե գեղեցիկ կամուրջներ. Աշտարակի (հին՝ 1644 թ և նոր ու մեծ՝ 1955 թ), Օշականի մոտ (XVII դ), Էջմիածնի հյուսիս-արևմտյան կողմում (մինչև 1833 թ կանգուն է եղել) Քասաղը հիշատակում է Մովսես Խորենացին՝ Քասաղ, Քարսահղ, Քսադ ձևերով։ Ղ. Ալիշանը Քասաղ անունը առաջացած է համարում Քարսահ ձևից։ Քասաղը V դ-ում ունեցել է Սևջուր գետից անկախ ընթացք և հոսել է Վաղարշապատի միջով։ Հետագայում հունը գնալով փոխվել է դեպի արմ։ Ոմանք Կորյունի հիշատւսկած Ռահ գետը նույնացնում են նաև Քասաղի հետ։ 1834 թ Քասաղը վարարել և քշել-տարել է Հովհանավանքի Անապատը։ Քասաղի ձորում կան պաշտպանության համար հարմարեցված քարայրեր։ Ակունքների շրջանում պահպանվել են Տրդատ թագավորին վերաբերող մի հունարեն արձանագրություն և հեթանոսական մեհյանի մնացորդներ։